2016 թվականը լիարժեք ակտիվ աշխատանքի տարի էր. Չեխիայում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար 2016 թվականը կարելի է բնութագրել որպես լիարժեք ակտիվ աշխատանքի տարի։ Ամփոփելով անցած տարին՝ Tert.am-ի հետ զրույցում այդ մասին նշեց Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
«Ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ 2016 թվականի ընթացքում տեղի են ունեցել շուրջ տասնյակ բարձր և միջին մակարդակների երկկողմ այցելություններ, որոնց գագաթնակետը հանդիսացավ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այն տեղի ունեցավ հունիսի 7-9-ին»,- ասաց դեսպանը՝ հիշատակելով, որ բանակցությունների արդյունքում երկու պետությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Նա հատկանշական համարեց պետական այցի շրջանակներում նախագահ Միլոշ Զեմանի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նա ծաղկեպսակ դրեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Չեխիայի ղեկավարը հանդիպել է նաև Ազգային ժողովի նախագահին և ՀՀ վարչապետին։
«Ուշագրավ էին պարոն Զեմանի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նա հորդորել է չեխ պատգամավորներին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Չեխիայի ղեկավարը, նաև տարվա ընթացքում այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վերահաստատել են ՉՀ դիրքորոշումն առ այն, որ Արցախի հիմնահարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով։ Այցի շրջանակներում կայացել է մեծ գործարար համաժողով։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում տեղի են ունեցել երեք գործարար համաժողովներ, որոնց ընթացքում լայն գործակցության հիմքեր են դրվել երկու երկրների գործարարների համար»,- նշեց Տիգրան Սեյրանյանը:
Նա նաև հիշատակեց, որ 2016 թվականի ընթացքում Հայաստան են այցելել Չեխիայի Արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը, խորհրդարանի երկու պալատների փոխխոսնակներ Զդենյեկ Շկրոմախը և Յան Բարտոշեկը: Դեռ տարվա սկզբին՝ հունվարին, Պրահայում էր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան – Չեխիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը, իսկ ապրիլին Պրահայում տեղի ունեցավ տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը։ Մայիսին էլ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այց կատարեց Չեխիայի մայրաքաղաք։
«Երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ՝ 25 մլն եվրոյի շրջանակներում։ Այս ոլորտում մեծ աշխատանք է մեզ սպասում, ներուժ կա, և մեր խնդիրն է պայմաններ ստեղծել այն ճիշտ օգտագործելու համար։ Երկուստեք կան խնդիրներ, բայց դրանք անհաղթահարելի չեն։ Մեր դեսպանությունը սերտերեն աշխատում է ՀՀ և ՉՀ պատկան մարմինների, այդ թվում՝ Հայաստանում Չեխիայի դեսպանության հետ այդ հարցերը կարգավորելու ուղղությամբ։ Ոգեշնչող է, որ հանրահայտ հայկական կոնյակը, մեր հրաշալի գինին և պահածոները, ալյումինե թիթեղն արդեն վաճառվում են չեխական շուկայում։ Քննարկման փուլում են նաև միջին և փոքր չափի ներդրումային ծրագրերը»,- նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:
Նրա խոսքով՝ հպարտությամբ կարելի է նշել՝ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ընթացել է նաև մշակութային համագործակցությունը։ «Հոկտեմբերի 11-25-ին Չեխիայի Ազգային գրադարանում՝ Կլեմենտինումում, մեծ հաջողությամբ անցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Որք զծորանս Հոգւոյն արբին. Հայ գրքարվեստը դարերի ընթացքում» խորագիրը կրող ցուցահանդեսը, կատարվեց դրա պատկերագրքի շնորհանդեսը։ Չեխ արվեստը ներկայացնող մշակութային ձեռնարկներ են եղել նաև Հայաստանում»,- պատմեց Տիգրան Սեյրանյանը:
Նա խոսեց նաև Սլովակիայի հետ մեր հարաբերություններից՝ նշելով, որ թեպետ Հայաստանը Բրատիսլավայում և Սլովակիան Երևանում ռեզիդենտ դեսպանություններ չունեն, հարաբերությունները, միգուցե, ոչ այդչափ ինտենսիվ են, որքան Չեխիայի հետ, այնուամենայնիվ, քաղաքական փոխըմբռնման և երկխոսության մակարդակը չափազանց բարձր է։ «Հիշենք, օրինակ, տարեսկզբին ԵԽԽՎ-ում սլովակյան պատվիրակության քվեարկությունն Ուոլթերի և Սարսանգի զեկույցների առնչությամբ»,- ասաց նա:
Նա հիշատակեց հուլիսին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, իսկ սեպտեմբերին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցերը Սլովակիայի մայրաքաղաք։
«Նոյեմբերի 2-4-ին Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն պաշտոնական այց կատարեց Հայաստանի Հանրապետություն։ Այցն աննախադեպ էր այն առումով, որ խոսնակի պատվիրակության կազմում էին խորհրդարանի չորս փոխնախագահներից երեքը։ Պարոն Դանկոն հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մայր Աթոռ, Մատենադարան։ Այցի ընթացքում վերահաստատվել է կատարյալ քաղաքական փոխըմբռնումը գրեթե բոլոր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում»,- նշեց Տիգրան Սեյրանյանը:
Ըստ նրա՝ Սլովակիայի՝ հուլիսի 1-ին ԵՄ խորհրդի նախագահությունը ևս նպաստավոր է եղել մեր պետության համար. նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովին տրվեց Եվրոպական Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրի բանակցությունների մեկնարկի մանդատը։
«Մշակութային գործակցությունը ևս նշանակալի է եղել։ Մայիսի 18-ին Բրատիսլավայի Ֆիլհարմոնիայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված մեծ դասական համերգ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչների մասնակցությամբ»,-ասաց նա:
«Ինչպես և Չեխիայի դեպքում, տնտեսական ոլորտը հետ է մնում քաղաքական և հումանիտար ոլորտներից։ Աշխատանք է տարվում համատեղ միջկառավարական հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, դիտարկվում են ներդրումների հնարավորությունները։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել Չեխիայում և Սլովակիայում ապրող մեր այն հայրենակիցներին, որոնք տարվա ընթացքում գործակցել են մեզ հետ բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու հարցում։ Միայն ուրախանում և հպարտանում եմ նրանց հաջողություններով»,- ասաց դեսպանը:
Նրա խոսքով՝ մարտահրավերները երկու երկրներում էլ նույնն են։ «Քաղաքական առումով դա թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ գործունեությունն է։ Այստեղ կարևոր է ոչ միայն նրանց հակահայ գործունեության հետևանքների վերացումը, այլև սեփական նախաձեռնություններով հանդես գալը, կանխարգելիչ գործողություններ կատարելը։ Կարծում եմ՝ բավականին հաջողել ենք, բայց զգոնությունը երբեք կորցնել պետք չէ, շարունակել աշխատանքը մի քանի ուղղություններով։ Մյուս մարտահրավերը երկկողմ տնտեսական կապերի զարգացումն է, ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, Հայաստան ներդրումներ բերելը և ՀՀ-ից արտահանման խրախուսումը»,- նշեց նա:










