Ազգային չորս փոքրամասնությունները կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկվելու առումով նախընտրում են ՀՀԿ-ն
Հայաստանում առավել մեծ թվաքանակով մշտական բնակություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնություններից` (ՀՀ-ում կա հրեական, վրացական, գերմանական, մոլոկանների, հունական, լեհական,բելառուսական, ընդհանուր թվով` 11 համայնքներ) եզդիները, ռուսները, ասորիներն ու քրդերը նախապատվությունը տալիս են իշխող կուսակցությանը` ՀՀԿ-ին։ Սակայն փոքրիկ վերապահմամբ. ՀՀ-ում առավել ակտիվ եզդիական 4 հասարակական կազմակերպություններից «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Թամոյանի տեղեկացմամբ` իրենց կազմակերպությունը դեմ չէր լինի համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի և ընտրական օրենսդրության համաձայն՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2, և ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ:
Հայաստանում բնակչության թվով 2-րդ ամենախոշոր համայնքի ներկայացուցիչ, Ռուսների համաշխարհային ֆորումում ռուսական համայնքը ներկայացնող, «Ռոսսիյա» հասարակական կազմակերպության նախագահ Իվան Յակովլևիչ Յակովենկոն Tert.am –ի հետ զրույցում հայտարարեց, որ մի քանի օրից վարչության նիստով կընդունեն պաշտոնական որոշում, բայց իր կողմից նշեց, որ իրենք աշխատում են Հանրապետական կուսակցության հետ և նախընտրում են ՀՀԿ-ն:
«Առանց գումարների դահլիճներ, ազգային կոորդինացիոն խորհրդին հատկացված տարեկան 10 միլիոն դրամ, մեզ ոչ մի կուսակցություն չի օգնել, մեզ օգնել է Հանրապետականը»,- ասաց Իվան Յակովենկոն:
Մոտ 11 հազար բնակչություն ունեցող ռուսական համայնքի ներկայացուցիչն ակնկալում է առնվազն երեք ներկայացուցիչ ունենալ ՀՀԿ համամասնական ցուցակում:
«Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ և ՀՀ –ում ասորիների համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը (վերջին մարդահամարի տվյալներով` ՀՀ-ում երրորդ ամենամեծ բնակչություն ունեցող ազգային փոքրամասնությունն է) ևս Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ կցանկանային ընդգրկված լինել ՀՀԿ համամասնական ցուցակում:
Եզդիական «Մեդիաշանգալ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանն էլ Tert.am –ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց համայնքը և, առհասարակ, ազգային փոքրամասնությունները նախընտրում են համագործակցել կառավարող կուսակցության հետ:
«Հավատացե՛ք, կոնկրետ, ինձ հետաքրքրում է, որ մեր ընտրություններն անցնեն ազատ, արդար և արժանահավատ, մեր հայաստանցի ընտրողների ռեալ կամքն արտացոլվի ԱԺ-ում: Իսկ ազգային փոքրամասնություններին ընդգրկելու առումով իմ գոհունակությունն եմ հայտնում մեր հանրապետության ղեկավարությանը , Նախագահ Սերժ Սարգսյանին`ազգային փոքրամասություններին ԱԺ-ում տեղեր հատկացնելու և նման քաղաքական որոշում կայացնելու համար: Սա առաջընթաց է»:
Ամո Շարոյանը հավատացած է, որ հանրապետականները «Մեդիաշանգալի» ներկայացուցիչներին կընդգրկեն իրենց ցուցակում:
Հարցվածներից միակ բացառությունը «Սինջար» եզդիների ազգային միավորման ներկայացուցիչ Բորիս Թամոյանն էր, ով Tert.am –ի հետ զրույցում ասաց. «Տեսեք՝ եթե հղում ենք կատարում Ընտրական օրենսգրքին, ապա կուսակցությունները պետք է որոշեն ում են ընդգրկում իրենց ցուցակներում: Նախընտրությունների պահով՝ ողջ համայնքի առումով չեմ կարող հայտնել, բայց մենք` ես և իմ շատ ընկերներ շատ ակտիվ աշխատում ենք ԲՀԿ-ում»:
Այս պահի դրությամբ «Սինջարին» ԲՀԿ-ից առաջարկ չի եղել և որևէ համաձայնության մասին հնարավոր չէ հայտնել:
Նշենք, որ եզդիական կազմակերպությունները Հայաստանում բավականին շատ են՝ «եզդիների ազգային միություն», «Եզդիների ազգային կոմիտե» , «Եզդիները արտասահմանում « և այլն:
Tert.am –ի հետ զրույցում Եզդիաքրդական համայնք ի ղեկավար Սուրիկ Սադոևը ևս ասաց, որ կցանկանային համագործակցել ՀՀԿ-ի հետ, բայցև ավելացրեց` «Ես հիասթափված մարդ եմ, բազմիցս դիմել եմ, չի ստացվում մեր մոտ»:
Մյուս կողմից՝ քրդական համայնքի ներկայացուցիչը սխալ է համարում համայնքի կուսակցականացումն ու ասում. «Դուք էլ լավ գիտեք, որ հազար կուսակցություն կա, վտանգավոր ա, որ ժողովրդին ուղղություն տամ կուսակցական թեմայով»:










