«Վանոյի Արտակ» մականվամբ հայտնի Արտակ Գալստյանը կմնա անազատության մեջ. միջնորդությունը մերժվել է

17:44 • 12.01.17

«Վանոյի Արտակ» մականվամբ հայտնի Արտակ Գալստյանը կշարունակի մնալ անազատության մեջ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը:

«Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արտակ Գալստյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեցի, որը մերժվեց»,-ասաց պաշտպանը:

Սուսաննա Սարգսյանի խոսքով՝ միջնորդությունը մերժվել է մեկնաբանությամբ, որ դեռևս ապացույցները չեն հետազոտվել և կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել.«Երևի թե ապացույցները հետազոտվելուց հետո կրկին միջնորդություն կներկայացնենք»:

Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձերբակալված Անի Արթուրի Հովհաննիսյանի եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 2.390.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցվել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը, այսինքն` Արտակ Գալստյանը կատարել է խոշոր չափերով խարդախության փորձ և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստություն:

Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետի հատկանիշներով:

 

 

 

«Վանոյի Արտակ» մականվամբ հայտնի Արտակ Գալստյանը կմնա անազատության մեջ. միջնորդությունը մերժվել է