ԱՄՆ-ն Աստանայում սիրիական խնդրի շուրջ բանակցություններին մասնակցելու հրավեր կստանա. Չավուշօղլու

10:25 • 13.01.17

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել սիրիական ճգնաժամի վերաբերյալ Աստանայում սպասվելիք բանակցություններին ՄԱԿ-ի և ամերիկյան կողմի մասնակցության շուրջ, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: 

«ԱՄՆ-ն նույնպես կստանա Աստանայի բանակցություններին մասնակցելու հրավեր: Այդ երկրի դերը ոչ ոք չի կարող հաշվի չառնել, և սա Թուրքիայի սկզբունքային մոտեցումներից է: Աստանայում պետք է ներկա լինի յուրաքանչյուրը, ով մինչ այսօր ցանկացած տեսակի ներդրում է ունեցել խնդրի լուծման մեջ կամ հեռանկարներ ունի այդ ներդրումն ունենալու: Իհարկե, այնտեղ չեն գալու խմբակային լուսանկար զարդարելու, հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ»,- ասել է Չավուշօղլուն: 

Նշենք, որ շաբաթներ առաջ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն ցանկանա մասնակցել Աստանայի բանակցություններին` Թուրքիան իրեն երջանիկ կզգա: