Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրած ուզբեկ գրոհայինը պատրաստություն է անցել Աֆղանստանի ճամբարներում (տեսանյութ)
Ամանորի գիշերը Ստամբուլում հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում ահաբեկչություն իրականացրած 34-ամյա ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպովը պատրաստություն է անցել Աֆղանստանի ահաբեկչական ճամբարներում, տիրապետում է 4 լեզվի, իսկ Թուրքիա է ներթափանցել 2016թ.-ի հունվարին՝ անօրինական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Ահաբեկիչը Թուրքիայի տարածքում գործածել է Աբու Մուհամեդ Հորասանի ծածկանունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ այս գիշեր թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են Ամանորի գիշերն ահաբեկչություն իրականացրած Աբդուլգադիր Մաշարիպովին:
Ստամբուլի Էսենուրթի շրջանում հայտնաբերված Մաշարիպովի հետ է եղել նաև նրա 4-ամյա տղան:
Ահաբեկչին գտնելու համար համատեղ հատուկ գործողություն է իրականացվել Ստամբուլի, Իզմիրի, Հաթայի և Կոնիայի հետախուզական գրասենյակների համատեղ ուժերով:
Նշվում է, որ ահաբեկիչը ոստիկանական գործողության ընթացքում դիմադրություն է ցույց տվել ոստիկանության հատուկջոկատայիններին:
Նրա հետ ձերբակալվել են նրա ղրղզ ընկեր Էբու Մուհամմեդ կոդավորված անվամբ ներկայացող ահաբեկիչը, ում տանը պատսպարվել էր Մաշարիպովը, և ևս 4 կասկածյալ, որոնցից 3-ը կանայք են:
Համացանցում է հայտնվել նաև խուզարկման ենթարկված տան տեսանյութը:
REİNA TERÖRİSTİNİN YAKALANDIĞI EVİN İÇERİDEN... by dikencomtr










