Գլխավոր հարցերում համաձայնություն կա, բայց դետալներում խնդիրներ կան. Արմեն Մարտիրոսյանը ԱԺ ընտրություններին «Ժառանգության» մասնակցության մասին (տեսանյութ)

18:57 • 19.01.17

Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչության այսօրվա նիստից հետո «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ 3 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել են կուսակցությունում առկա տարակարծությունները՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցելու վերաբերյալ:

«Շատ լավ է, որ Ժառանգությունում այդ տարակարծությունները կան, որովհետև մենք ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած կուսակցություն ենք: Այսօրվա մեր հավաքի գլխավոր նպատակը ստեղծված իրավիճակը վարչականներին ներկայացնելն էր: Լսեցինք նրանց կարծիքը: Ակնհայտ է, որ գլխավոր հարցերում համաձայնություն կա, բայց դետալներում խնդիրներ կան»,-ասաց Մարտիրոսյանը:  

Tert.am-ի հարցին, թե մեծամասնությունը հակված է դաշինքո՞վ մասնակցել ընտրություններին, թե առանձին ցուցակով ՝ Արմեն Մարտիրոսյանը նախ պատասխանեց, որ կուսակցությունում հակված են երկրում ստեղծված իրավիճակը փոխել։

«Այդ ձևաչափի համար ակնհայտ է, որ պետք է համագործակցություն, և դա ակնհայտորեն պետք է ունենա որոշակի շրջանակ՝ թե որ հարցերի շուրջ պիտի համագործակցենք, հետընտրական շրջանում ինչ պիտի անենք: Այսինքն՝ դաշինքով մասնակցելու նախապատվություն կա, բայց որոշումը վերջնական չէ, որ կարող ենք միայն դաշինքով մասնակցել: Ցանկացած հնարավորություն մնում է՝ ինչպես դաշինքով մասնակցելը, այնպես էլ առանձին ցուցակով: Դաշինքով մասնակցելու համար կա որոշակի նախապատվություն, բայց այն կարող է վերջնական դառնալ, եթե մեր գործընկերների հետ գանք որոշակի համախոհության»,– ասաց նա:

Հարցին, թե ընդհանուր համաձայնության չգալու դեպքում հնարավո՞ր է չմասնակցեք ընտրություններին, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանեց. «Ոչ, նման խնդիր չկա: Ի՞նչ է նշանակում՝ եթե մի քանի կուսակցական ինչ-որ որոշման դեմ են, կուսակցությունը չմասնակցի՞ ընտրության: Մենք դեպքեր ենք ունեցել, երբ պարոն Հովհաննիսյանն է փոքրամասնության մեջ եղել: Վերջնական որոշումը կընդունենք քվեարկությամբ, պարզ մեծամասնությամբ»: