«Հրանտին մի՛ մոռացեք». Ստամբուլում սկսվել է Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումը (ուղիղ միացում)

15:46 • 19.01.17

Ստամբուլում մեկնարկել է պոլսահայ լրագրող, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումը:

Ստամբուլի Շիշլի թաղամասի Օսմանբեյ պողոտայում գտնվող «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց, ուր ուղիղ 10 տարի առաջ այս ժամերին սպանվեց Դինքը, հավաքվել են տասնյակ հազարավոր ակտիվիստներ Թուրքիայի բազմաթիվ քաղաքներից. հայեր, թուրքեր, քրդեր, ասորիներ և Թուրքիայում բնակվող բազմաթիվ այլ էթնիկ ու կրոնական խմբերի ներկայացուցիչներ: 

Ներկաները բարձրացրել են «Հանուն Հրանտի, հանուն արդարության»,  «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»,  «Այստեղ ենք, ախպարիկ», «Կարոտում ենք, ախպարիկ», «Հրանտին մի՛ մոռացեք» գրություններով պաստառներ:


Միջոցառմանը ներկա են Ստամբուլում գործող հայկական երիտասարդական, մշակութային բոլոր միությունների ներկայացուցիչները, «Հրանտի ընկերները նախաձեռնության» անդամները, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը և Դինքի ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: