Վրաստանի նախագահին դիմող ջավախքցի ՀՀ քաղաքացիների 95 տոկոսը ստանում է Վրաստանի քաղաքացիություն. Հենզել Մկոյան

12:16 • 20.01.17

Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանում երկքաղաքացիությունն օրինականացնելու անհրաժեշտություն կա: Պատգամավորի հայտարարության և դրա զարգացման վերաբերյալ Tert.am-ը զրուցեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ:

-Պարոն Մկոյան, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ Վրաստանը երկքաղաքացիության մասին օրենք ընդունի: Սա կարո՞ղ է  լուրջ նախաձեռնություն դառնալ:

-Լուրջ ոչ մի ընթացք էլ չի ստանա: Պատճառն այն է, որ միայն վերջին եռամսյակում Ջավախքի  500 բնակիչ, ովքեր ՀՀ քաղաքացի են,Վրաստանի քաղաքացիություն են ստացել: Ես, որպես խորհրդարանի պատգամավոր 500 քաղաքացու համար երաշխավորագիր եմ գրել և նրանց Վրաստանի քաղաքացիության շնորհումը չի մերժվել:

-Երկքաղաքացիության մասին օրենք Վրաստանում գոյություն չունի, այդ կերպ Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հարցում բարդություններ չեն առաջանո՞ւմ:

-Մեկ տարի առաջ ավելի շատ բարդություններ կային, սակայն մենք բանակցեցինք և Վրաստանի վարչապետի հետ, և Արդարադատության նախարարի հետ և այդ հարցը բավականին դյուրացվել է: Վրաստանի նախագահին դիմողների 95 տոկոսը ստանում է Վրաստանի քաղաքացիություն:  Նոր կառավարությունն այսօր ընդառաջում է մեզ:

Նշենք, որ Վրաստանում երկքաղաքացիության մասին օրենք չի գործում, սակայն Վրաստանի մշտական բնակիչ համարվողները համապատասխան կարգով կարող են դիմել երկրի նախագահին և ստանալ նաև Վրաստանի քաղաքացիություն: