Բելառուսը բլոգեր Լապշինին կարտահանձնի Բաքու՝ Արցախ այցելելու համար
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:
Այսպիսով՝ որոշում է կայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով նաև կայացրած որոշման քաղվածքը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Լապշինին հաջողվել է 2-րդ անգամ Բաքու այցելել, քանի որ ադրբեջանական հատուկ ծառայությունները նրան չեն իդենտիֆիկացրել. «Ալեքսանդր»-ի փոխարեն ուկրաինական անձնագրում նշված է եղել «Օլեքսանդր» և թույլ են տվել նրան 2-րդ անգամ մտնել Ադրբեջան:
Դատարանի որոշման քաղվածքի համաձայն, Լապշինը, սակայն մեղադրվում է նրա համար, որ «նախնական հանցավոր համաձայնություն է ձեռքբերել անհայտ անձանց հետ, կազմավորել է հանցախումբ և առանց անձը հաստատող փաստաթղթի, անօրինական հատել է Ադրբեջանի պետական սահմանը: Մեղադրանքի համաձայն, ապօրինաբար հատելով Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը Լապշինը հրապարակային կոչեր է հնչեցրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ՝ դրանք զետեղելով իր բլոգում»:
Բելառուսի դատախազությունը արտահանձման որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. Արտահանձնումը տեղի է ունենում, երբ քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար հիմքեր, երբ կատարված հանցանքը քրեորեն պատժելի է և ենթադրում է նվազագույնը մեկ տարվա ազատազրկում:
Իսկ հանգամանքը, որ բլոգերը Բելառուսի քաղաքացի չէ, որոշման համաձայն, չի խոչընդոտում արտահանձման իրականացմանը: «Ալեքսանդր Լապշինը Բելառուսի Հանրապետության քաղաքացի չէ: Ադրբեջանի Հանրապետությանը նրան արտահանձնելու խոչընդոտներ Ադրբեջանի և Բելառուսի օրենսդրությամբ չկան: Ուստի որոշում է կայացվել բավարարել Ադրբեջանի Հանրապետության խնդրանքը Ադրբեջանին արտահանձնելու մասին»,- ասված է որոշման մեջ:
Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։
Ի դեպ, Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում նաև գրել է, որ այս որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։
Նա միաժամանակ հայտնել է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին, քանի որ «Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի»:










