Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորները ծեծել են իրար, փոխխոսնակներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութեր, լուսանկարներ)

10:32 • 20.01.17

Թուրքիայի խորհրդարանում կրկին թեժ կրքեր են բորբոքվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումների ընթացքում: Այս անգամ ծեծկռտուքի են բռնվել կանայք: 

Ինչպես հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը՝ Անկարայից ընտրված անկուսակցական պատգամավոր Այլին Նազլըաքան ինքն իրեն ձեռնաշղթայել է Մեջլիսի ամբիոնի խոսափողից և մոտ երկու ժամ բոյկոտել խորհրդարանական քննարկումները: Այնուհետև, երբ խորհրդարանի փոխխոսնակը խնդրել է պատգամավորին վերադառնալ իր տեղն ու չխոչընդոտել խորհրդարանի աշխատանքին, Նազլըաքան համախմբման կոչ է արել կին պատգամավորներին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Անթալիայից ընտրված կին պատգամավոր Գյոքչեն Օզդողան Էնչը փորձել է բռնի ուժով հանել Այլին Նազլըաքանի ձեռնաշղթաները, ինչի ընթացքում կռիվ է սկսվել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության և իշխանամետների կին պատգամավորների միջև: Ծեծկռտուքին միջամտել են նաև ընդդիմադիր քեմալականները:

Ծեծկռտուքի հետևանքով Մեջլիսի փոխխոսնակ, քրդամետ պատգամավոր Փերվին Բուլդանը տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներից Շաֆաք Փավեի ձեռքի պրոթեզը դուրս է եկել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում և զգալիորեն ընդլայնում է երկրի նախագահի լիազորությունները:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ փոփոխությունների նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, քննարկումների երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել այս շաբաթվա վերջ:























Image may contain: 7 people, people sitting