Թուրքիայի ալևիները դեմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին

11:14 • 23.01.17

Թուրքիայում ալևիական «Բեքթաշի» ֆեդերացիայի (ABF) նախագահ Մուհիթթին Յըլդըզը հայտարարել է, որ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կազմված և խորհրդարանի ձայների մեծամասնությամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծում անտեսված են ալևիների կրոնական իրավունքներն ու ազատությունը:

Ինչպես գրում է «Ջումհուրիյեթը»` Յըլդըզը հայտնել է, որ իրենց ֆեդերացիայի շրջանակում իրենք նիստեր են հրավիրել Անկարայում և Էրզինջանում (պատմական Երզնկա - tert.am), ինչից հետո նիստեր կգումարվեն Ստամբուլում, Անթալիայում, Իզմիրում, Մերսինում և Ադըյամանում: 

Յըլդըզը հայտարարել է, որ սպասվելիք հանրաքվեի ընթացքում իրենք չեն քվեարկի Սահմանադրության այս տարբերակի օգտին և նույնը տարբեր հանդիպումների ընթացքում կոչ են անելու ամբողջ Թուրքիայի ալևիներին:

Նշենք, որ ալևիները, որոնք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևմտյան և Թուրքիայի հարավային լեռնային շրջաններում, Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղությանը դավանող համայնք, մինչդեռ մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որին դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է, որն իր մեջ սինթեզում է մահմեդականության, քրիստոնեության և անգամ հեթանոսության որոշ բարքեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ նաև անվանում են «քըզըկբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները:

Թուրքիայի ալևիները դեմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին