Իսրայելը դեմ է, որ Ալեքսանդր Լապշինին արտահանձնեն Ադրբեջան․ Բելառուսում Իսրայելի դեսպան
Իսրայելը դեմ է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեն Ադրբեջան․ այս մասին Tert.am-ին իր դիրքորոշումը հայտնեց Բելառուսում Իսրայելի դեսպան Յուլիա Ռաչինսկի-Սպիվակովը:
«Մենք հիմա համատեղ աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ Բելառուսի արտգործնախարարության հետ, որպեսզի այդ հարցի վերաբերյալ գտնենք հնարավոր լուծումներ»,- ասաց Բելառուսում Իսրայելի դեսպանը:
Նա նշեց, որ իրենց գործողությունների մասին ամբողջական տեղեկատվություն չի կարող տալ: Դիտարկմանը, թե շատերը Իսրայելի կողմից ավելի կոշտ քայլերի էին սպասում, նա պատասխանեց․ «Թե ինչ ենք արել, ինչ ենք անում, մենք մեր լրատվամիջոցներին տեղեկացնում ենք»:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ է կատարել Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:
Հիշեցնեն նաև, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:










