Գերմանիայի նախագահը Շտայնմայերին ազատել է ԱԳ նախարարի պաշտոնից

15:25 • 27.01.17

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Ֆրանկ - Վալտեր Շտայնմայերին ազատել է Արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից և նրա լիազորությունները փոխանցել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելին: Արարողությունն անցկացվել է նախագահի պաշտոնական նստավայրում` Բելվյու ամրոցում:

Tagesschau-ի հաղորդմամբ` սկզբից Գաուկը, երկրի Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն, Շտայնմայերին ազատել է ԱԳ նախարարի պաշտոնից, իսկ Գաբրիելին` էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Նախագահը շնորհակալություն է հայտնել Շտայնմայերին ԱԳ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

Նշվում է, որ արարողությանը ներկա է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա Զիգմար Գաբրիելին շնորհավորել է նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ:


Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի ԱԳՆ-ն ղեկավարել է 2013 թվականից: