Դոնալդ Թրամփն ու Թերեզա Մեյը շրջել են ձեռք ձեռքի տված (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որի հետ քննարկվել են Վաշինգտոնի և Լոնդոնի միջև քաղաքական, առևտրա-տնտեսական և մի շարք այլ կարևոր թեմաներին առնչվող հարցեր:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Թրամփի և Մեյի հանդիպման քաղաքական մասը մի կողմ դնելով՝ լրագրողներն ուշադրություն են դարձրել նրան, որ ամերիկացի և բրիտանացի ղեկավարները Սպիտակ տան առաջամասում քայլել են ձեռք ձեռքի տված:
Համապատասխան տեսանյութի տարածումից հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր հումորով նկատել են, որ այդ պահից սկսած Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև առանձնահատուկ ջերմ հարաբերություններ կհաստատվեն:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Թերեզա Մեյն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ում Թրամփը հանդիպել է երդմնակալության արարողությունից հետո:
Հայտնի է նաև, որ այս տարի Թրամփն ու նրա կինը թագուհի Էլիզաբեթ 2-րդի հրավերով կմեկնեն Միացյալ Թագավորություն ու կհանդիպեն միապետին:










