Վաշինգտոնի դատախազը դատական հայց է ներկայացնում Թրամփի դեմ` միգրացիոն հրամանագրի պատճառով

23:54 • 30.01.17

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի դատախազ Բոբ Ֆերգյուսոնը հայտարարել է, որ դաշնային շրջանային դատարան հայց է ուղարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի հիմնական դրույթները ոչ սահմանադրական ճանաչելու վերաբերյալ:

 

Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, Ֆերգյուսոնի կարծիքով` հրամանագիրը խախտում է ԱՄՆ Սահմանադրության դրույթները, այդ թվում` օրենքի առաջ հավասարության և բոլոր կրոնների նկատմամբ կառավարության հավասար վերաբերմունքի մասին:

 

 Հայցով պատասխանող կողմը լինելու են նախագահ Թրամփը, նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը, որին ենթարկվում է սահմանապահ ծառայությունը: Հայտարարության տեքստը կհրապարակվի հունվարի 30-ին:

 

 Ֆերգյուսոնը տեղեկացրել է, որ հայց է ներկայացրել նաև հրամանագրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: