Արգամ Աբրահամյանը չի պատրաստվում հրաժարական տալ. Արտաշատի քաղաքապետարան
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արտաշատի քաղաքապետարանից՝ հավելելով, որ այս պահին Արգամ Աբրահամյանը ժողովի է և չի կարող պատասխանել մեր հարցերին:
Նշենք, որ մամուլում գրվել է, որ Արարատի մարզպետի հրաժարականից հետո հրաժարականի դիմում է ներկայացնելու նաև Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
«Նման բան չկա: Արգամ Աբրահամյանը չի պատրաստվում հրաժարական տալ»,-փոխանցեցին քաղաքապետարանից:
Նշենք, որ ՀՀԿ ԳՄ նախկին անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ-ն լքելու առթիվ դիմումը ներկայացրել է Հանրապետականի գրասենյակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատասխանելով Tert.am–ի դիտարկմանը, որ վերջին օրերին Հովիկ Աբրահամյանի մերձավորները պաշտոններից հեռանում են, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ ՀՀԿ-ն որևէ պահանջ չի ներկայացրել:
«Ե՛վ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալը, և՛ նրա մերձավորների պաշտոնանկությունները բացառապես այդ մարդկանց սահմանադրական իրավունքն են և իրենց որոշելիքը: Մենք որևէ մեկին զոռով ոչ պաշտոններում, ոչ ՀՀԿ-ում չենք պահում: Իրենք են որոշել, ազատ կամարտահայտություն է, մենք հարգում ենք բոլոր մարդկանց, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի ազատ կամարտահայտության իրավունքը»:










