Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է ՀՀԿ, Մհեր Սեդրակյանը՝ ոչ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նախկին անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ-ն լքելու առթիվ դիմումը ներկայացրել է կուսակցության գրասենյակ:
Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դիմումն արդեն գտնվում է կուսակցության գրասենյակում»,-ասաց Շարմազանովը:
Հարցին, թե ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը դիմում ներկայացրե՞լ է, ՀՀԿ խոսնակը բացասական պատասխան տվեց:
Ի վերջո՝ Հովիկ Աբրահամյանի հեռացումը կորո՞ւստ էր ՀՀԿ-ի համար, թե՞ ոչ, հարցին ի պատասխան ՀՀԿ խոսնակն ասաց. «ՀՀԿ-ն 2017-ի պառլամենտական ընտրություններին Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ գնալու է ավելի համախմբված, ավելի միասնական ու ավելի մրցունակ ծրագրով»:
Վերջին օրերին լրատվամիջոցները հաղորդում են, որ Հովիկ Աբրահամյանի մերձավորները պաշտոններից հեռանում են, նաև մամուլում գրվել է, որ առաջիկայում նրա որդին պետք է հրաժարական տա Արտաշատի քաղաքապետի պաշտոնից:
Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ դա իշխանության պահանջով է եղել, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն որևէ պահանջ չի ներկայացրել: Ե՛վ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալը, և՛ նրա մերձավորների պաշտոնանկությունները բացառապես այդ մարդկանց սահմանադրական իրավունքն են և իրենց որոշելիքն են: Մենք որևէ մեկին զոռով ո՛չ պաշտոններում, ո՛չ ՀՀԿ-ում չենք պահում: Իրենք են որոշել, ազատ կամարտահայտություն է, մենք հարգում ենք բոլոր մարդկանց, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի ազատ կամարտահայտության իրավունքը»։










