ՌԴ-ն չի տեղեկացրել սահմանային գոտու տեղակայման որոշման մասին. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի տեղեկացրել հանրապետության հետ ՌԴ-ի սահմանամերձ շրջաններում սահմանային գոտի տեղակայելու որոշման մասին, գրում է tass.ru-ն։
«Չնայած բոլոր գոյություն ունեցող պայմանավորվածություններին, որոնք կարգավորում են երկու երկրների պետական սահմանների հսկողությունը և դրանք հատելու կարգը, ռուսական կողմը որոշում է կայացրել Բելառուսի հետ սահմանին սահմանային գոտու տեղակայման մասին՝ առանց նախնական ծանուցման»,- ասել է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության բաժնի ղեկավար Մարիա Վանշինան։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը սահմանային գոտի է հաստատել Բելառուսի հետ սահմանին: Համապատասխան կարգադրությունն արել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Ինչպես նշվում է, որոշումը կայացվել է «ՌԴ պետական սահմանի պաշտպանության անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»: Ռուսական Անվտանգության դաշնային ծառայության Սմոլենսկի, Պսկովի և Բրյանսկի շրջանային վարչությունները պետք է նախազգուշացնող նշաններ տեղադրեն սահմանին, ինչպես նաև որոշեն սահմանային գոտի մուտք գործելու համար նախատեսված տեղն ու ժամը:










