Համշենցիները նույնպես դեմ են Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին

20:43 • 03.02.17

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Արդվին նահանագի Խոպա քաղաքի բնակիչները, որոնց մեծ մասը համշենցի հայեր են, հատուկ տեսանյութի միջոցով իրենց բողքի ձայնն են բարձրացրել Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ:

Ինչպես նշում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ համացանցում տարածված տեսանյութում, որը ռեկորդային թվով դիտումներ է գրանցել, համշենցի կանայք թուրքերենով հայտարարել են, որ դեմ են քվեարկելու երկրում կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկին:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում: