Թուրք լրագրողը բացահայտում է Հայաստանի տեսարժան վայրերը՝ մեր երկրի զբոսաշրջության մասին իր հատուկ հոդվածաշարով (լուսանկարներ)
Թուրք լրագրող, սյունակագիր, CNN-ի թուրքական ծառայության համախմբագիրներից մեկն ու Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» նախկին աշխատակից Սերդար Քորուջուն www.mylittleworldtour.com կայքում հատուկ բաժին է բացել, որի միջոցով բացահայտում է Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերն ու սեփական լուսանկարների ու մեկնաբանությունների միջոցով բացահայտում Հայաստանը՝ թուրք հասարակության համար:
Քորուջուն Հայաստանի ծանոթագրությանը նվիրված բաժնի առաջին հոդվածում փորձում է կոտրել թուրքերի և Թուրքիայում ապրողների մոտ Հայաստանի ու հայերի մասին ձևավորված կարծրատիպերը:
«Եթե դուք կարողանաք հաղթահարել ձեր գլխում եղած այդ փոքրիկ սահմանները՝ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդքան էլ կարևոր չէ», - գրում է Սերդարն ու հավելում՝ յուրաքանչյուր թուրք, ով մի փոքր «զարգացրել» է իր խիղճը, Երևանում խնդիրների չի հանդիպի:

«Շատ կներեք, հավանեք, թե չհավանեք, հավատաք, թե չհավատաք, իմանաք, թե չիմանաք՝ Հայոց ցեղասպանությունն այս երկրում մի վերք է», - գրում է Քորուջուն ու շեշտում, որ անկախ պատմական դեպքերի վերաբերյալ սեփական կարծիքից՝ մարդկանց ցավը հարգելու պայմանն ամենակարևորն է Հայաստան այցելել պատրաստվող յուրաքանչյուր թուրքի համար:

Միևնույն ժամանակ, թուրք լրագրողն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թեև Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկների համար Երևանն ու Հայաստանն առաջին հերթին ասոցացվում են ցավի ու Ծիծեռնակաբերդի բարձունքի հետ՝ Հայաստանն ու Արցախն ունեն բազմաթիվ տեսարժան վայրեր, յուրահատուկ խոհանոց և մշակույթ, որն արժե անձամբ բացահայտել: Իր հաջորդ հոդվածներում լրագրողը խոստանում է ուղղորդել Հայաստանով հետաքրքրվող զբոսաշրջիկներին՝ ժամանցի և սննդի հաստատությունների ու ճանապարհորդական ամենաուշագրավ ուղղությունների թեմայով:
Սակայն մինչ այդ՝ Քորուջուն շատերի համար անհայտ Հայաստանը բացահայտում է սեփական ուշագրավ ֆոտոշարքերով:






















