ՀՀՇ–ն այսօր ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի

15:27 • 04.02.17

Այսօր օրվա երկրորդ կեսին «Հայոց համազգային շարժում» կուսակցությունում հրավիրվելու է վարչության փակ նիստ, որի ժամանակ վերջնականապես հստակեցվելու են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին վերաբերող բոլոր հարցերը՝ սկսած ռեյտինգային առաջադրումներից, մինչև համամասնական ընտրակարգով մասնակցության ձևաչափ:

Առայժմ կա որոշում, որ Արարատ Զուրաբյանը «Ծառուկյան դաշինքով» առաջադրվելու է Երևանի կենտրոնում` ռեյտինգային ընտրակարգով: Այս մասին Tert.am–ին  հայտնեց կուսակցության վարչության անդամ, գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ կուսակցության վարչությունը բաղկացած է 12 հոգուց, և ըստ Կարեն Կարապետյանի,  վարչության անդամներից այս դաշինքին միանալուն դեմ է միայն Ալեքսանդր Արզումանյանը, ով նաև կուսակցության հանրապետական խորհրդի նախագահն է:

Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության անդամներն են` Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարեն Կարապետյանը, Վարդգես Շահբազյանը, Հակոբ Գրիգորյանը, Դավիթ Առաքելյանը, Սոնա Մուրադյանը,  Վարդուհի Էլբակյանը, Հովհաննես Իգիթյանը, այլք: 

Հիշեցնենք, որ երեկ Ալեքսանդր Արզումանյանը հայտնել էր, որ չի մասնակցի ԱԺ ընտրություններին և հավելել, որ դեմ է տարբեր՝ իր ձևակերպմամբ` տձև դաշինքներին: 

Հարցին, թե Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ից դուրս գալու դիմում գրե՞լ է, Կարեն Կարապետյանը նկատեց, որ դեռ ոչ: