Թուրք իմամը մզկիթում քարոզի ժամանակ կոչ է արել հավատացյալներին կողմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին

15:23 • 06.02.17

Ստամբուլի Ումրանիե շրջանի մզկիթներից մեկում հոգևորականը կրոնական ծեսի ժամանակ փորձել է համոզել հավատացյալներին գարնանը սպասվելիք հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկել երկրի կառավարման նախագահական համակարգին:

Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը` իմամը հավատացրել է հավատացյալներին, թե նախագահական համակարգին դեմ քվեարկողները Թուրքիայի թշնամիներն են և նրանք, ովքեր չեն ցանկանում երկրի զարգացումը:

«Ոչ» ասողները նրանք են, ովքեր չեն ցանկանում, որ աշխարհի ամենամեծ օդանավակայանը կառուցվի այստեղ: «Ոչ» ասողները նրանք են, ովքեր չեն հանդուրժում իշխանությունների կառուցած Յավուզ Սելիմ սուլթանի անվան կամուրջը», - հայտարարել է իմամը:

Նշենք, որ Թուրքիայում հանրապետության հռչակումից և շարիաթի վերացումից հետո արգելված է կրոնական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելը, թեև տարբեր տարիների այդ փորձը կիրառվել է երկրի մի շարք շրջաններում:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում: