Ռուսաստանը սպառնացել է արգելել բելառուսական մսամթերքի ներկրումը

21:09 • 08.02.17

Ռուսաստանը կարող է դադարեցնել տավարի մսի ներկրումը Բելառուսից`հանրապետությունում անասնաբուժական վերահսկողության թերությունների պատճառով: Lenta.ru-ի հաղորդմամբ`այս մասին փետրվարի 8-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» մամլո քարտուղար Յուլիա Մելանոն:

«Ներկրվող մթերքի ստուգումները ցույց են տալիս, որ Բելառուսից ներկրվող տավարի միսը բավարար անասնաբուժական վերահսկողության չի ենթարկվում: Արտադրանքում պարբերաբար հիվանդության հարուցիչ բակտերիաներ են հայտնաբերվում», - ասել է Մելանոն:

Նրա խոսքով`հունվարի 12-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում տվյալ բակտերիաները հայտնաբերվել են մի շարք բելառուսական արտադրողների սառեցված մսամթերքում:

Ռուսաստանը փետրվարի 6-ին ժամանակավոր արգելքներ է սահմանել Մինսկից տավարի մսի և մսամթերքի ներկրման համար: Այս քայլին ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է ամբողջությամբ արգելել մսի արտահանումը Ռուսաստան: