Նոր աղմկահարույց զարգացում Դինքի սպանության գործով դատական նիստին

10:31 • 08.02.17

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը շարունակվում է Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում։

Նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում կրկին պաշտպանական ճառով է հանդես եկել մեղադրյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը կրկին աղմկահարույց հայտարարություն է արել` պնդելով, որ Դինքի սպանության կազմակերպիչը Տրապիզոնի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ուղղորդված գաղտնի գործակալ Էրհան Թունջելն է: Այս մասին գրում է demorathaber.org կայքը:

«Սպանության կազմակերպիչը Թունջելն է: Դուք ստիպված եք ճնշում գործադրել նրա վրա», - հայտարարել է Յըլմազերը:

Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը նամակ էր գրել դատարան` պնդելով, որ սպանության գլխավոր մեղավորը գործով արդարացված Էրհան Թունջելն է:

2013թ.-ի հոկտեմբերին Ստամբուլում ձերբակալված Էրհան Թունջելը ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ նա վճարում է պետության համար իրականացրած ծառայության գինը և որ իր համար մեծ պատիվ է ձերբակալվել հենց Թուրքիայի Հանրապետության ականավոր գործիչ, նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի կախաղանի օրը:

Նա առաջին նիստի ընթացքում ամբողջ մեղքը բարդել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության բարձրաստիճան պաշտոնյաներ Ռամազան Աքյուրեքի, Սաբրի Ուզունի, Ալի Ֆուաթ Յըլմազերի վրա:

Նշենք, որ 2016թ.-ին Թունջելը հրապարակել է հեղինակային «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները» գիրքը, որով ըստ իրեն` լույս է սփռում Դինքի սպանության մութ կողմերի վրա և Դինքի սպանության կազմակերպման համար մեղադրում Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած «Հիզմեթ» («Ծառայություն» -tert.am) խմբավորմանը: 

Մինչդեռ Յըլմազերը հայտարարել էր, որ Դինքի սպանության գործը որևէ կապ չունի գյուլենականների հետ, և հաստատել այն տեսակետը, որ Դինքի սպանության հետևում կանգնած է «Էրգենեկոն» ծայրահեղական ահաբեկչական գաղտնի խումբը, որի ղեկավարներից է ազգայնական գործիչ Վելի Քյուչյուքը:

Նա նաև հավելել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում «Էրգենեկոնի» հետ կապված հետաքննության շուրջ պարբերաբար կապ է պահպանել Էրդողանի հետ:

Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: