Թուրքիայում աշխատանքից ազատվել է 4 464 պետական ծառայող
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկիզբ առած կադրային զտումների շրջանակում կառավարական հրամանագրով աշխատանքից ազատվել է 4.464 պետական ծառայող, որոնք կասկածվում են հեղաշրջման փորձին առնչություն ունենալու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Ի դեպ, գործազուրկ դարձածներից 10-ը գերագույն դատարանից են, 893-ը՝ Ժանդարմերիայի աշխատակիցներ, 417-ը` ոստիկանության: Եվս 330 հոգի ազատվել են բարձրագույն կրթության խորհրդում զբաղեցրած իրենց պաշտոններից: Ամենաշատ աշխատողները կորցրել է Ազգային կրթության նախարարությունը` 2.585 աշխատակից: Եվս 229 աշխատակից աշխատելիս են եղել Թուրքիայի տարբեր պետական հիմնարկներում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










