Սպիտակ տունը մտադիր է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խմբավորում ճանաչել

10:17 • 08.02.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, հայտնում է Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով:


Նրանց փոխանցմամբ՝ ամերիկյան մի շարք կառավարական գործակալությունների հետ տվյալ հարցով խորհրդակցություններ են անցկացվել՝ պարզելու համար նման քայլի հնարավոր հետևանքները:


Reuters-ը նշում է, որ նախկինում ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել կորպուսի մի շարք անդամների նկատմամբ:


Աղբյուրը նկատում է, որ կորպուսն ահաբեկչական կազմակերպություն հռչակելու դեպքում, ԱՄՆ-ն լուրջ խնդիրներ կունենա Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Հայտնի է, որ կորպուսի անդամներն աջակցում են շիա մուսուլմաններին ու պայքարում սուննիների դեմ:


Նշվում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի անվտանգության ոլորտի ամենահզոր կառույցն է, որը վերահսկում է Իրանի տնտեսության մեծ մասն ու ահռելի ազդեցություն ունի երկրի քաղաքական համակարգի վրա: