Ինչպես ՀՀԿ 144 հազար անդամից յուրաքանչյուրը, ես ևս պատրաստ եմ ներգրավվել ընտրական գործընթացին. Ատոմ Մարգարյան

19:34 • 09.02.17

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, ով 2014-ից Հանրապետական կուսակցության անդամ է, Tert.am -ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է «ընկերակցում» կուսակցության օդիոզ դեմքերի հետ, ընդգծեց, որ կուսակցությունում սկսվել է ինքնամաքրման պրոցես, ապա ավելացրեց, որ անձամբ ամեն ինչ անելու է, որպեսզի ազգային գաղափարախոսությամբ պահպանողական այս ուժում հաղթեն հենց այս գաղափարախոսությունն իրապես կրող ուժերը, իսկ պատեհապաշտները հեռանան։

- Պարո՛ն Մարգարյան, Դուք հանրապետական կուսակցության անդամ եք, հնարավո՞ր է, որ ընդգրկվեք ՀՀԿ համամասնական ցուցակում:

- Հստակ, որոշակի ասել, որ այս պահին ինչ-որ որոշում կա, չեմ կարող, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում ես, եթե տվյալ կուսակցության ներկայացուցիչ է և ակնկալիքներ ունի և կարողություններ է տեսնում ներգրավվելու, մասնակցելու առաջիկա քաղաքական պրոցեսներին, ապա պետք է պատրաստ լինի: Եվ ես պատրաստ եմ: Կոնկրետ առաջարկներ՝ որպես այդպիսին, այս պահի դրությամբ չեն եղել, բայց նորից եմ ասում`նման ակնկալիք կարող է ունենալ Հանրապետականի 144 հազար անդամից յուրաքանչյուրը:

Ավելին ասեմ` այլ կուսակցություններից, դաշինքներից ևս ինձ առաջարկներ են եղել` չիմանալով, որ Հանրապետականի անդամ եմ:

- Դուք նոր սերնդի հանրապետական ե՞ք:

-Կարելի է ասել` նոր սերնդի, բայց ոչ երեկ չէ առաջին օրը: Արդեն երրորդ տարին է` Հանրապետական կուսակցության շարքերում եմ որպես շարքային անդամ:

-Հաշվի առնելով Ձեր լրագրողական գործունեությունը, ինչպե՞ս եք Ձեզ դրսևորում կուսակցությունում և ինչպե՞ս եք դրսևորելու, եթե պատգամավոր դառնաք: ՀՀԿ ներսում ընդդիմադիր կեցվածք դրսևորո՞ւմ եք:

- Կարող եմ ասել, որ լրագրողական դաշտից դուրս եմ եկել տակավին 2011-ից, երբ «Կապիտալ բիզնես» -ի գլխավոր խմբագիրն էի և ընտրվեցի Տնտեսագիտական  համալսարանի ֆակուլտետներից մեկի դեկան։ Ակտիվություն դրսևորել եմ որպես փորձագետ: Տնտեսական դաշտի, փորձագիտական հարթության մեջ, այդտեղ եմ տեսել իմ ներգրավվածությունը: Այնպես որ, կուսակցության ներսում ինձ ընդդիմադիր չեմ պատկերացնում, բայց գաղափարական, ծրագրային, այլընտրանքային լուծումներ, առաջարկություններ միշտ պատրաստ եմ անել:

-Պարո՛ն Մարգարյան, ՀՀԿ-ն հայտնի է նաև  իր ոչ միանշանակ դեմքերով ու օդիոզ կերպարներով: Ինչպե՞ս եք տանում կամ տանելու նրանց ընկերակցությունը:

-Չէի ասի` օդիոզ: Կուսակցությունն այսօր դինամիկ փոփոխությունների փուլում է, ես կասեի՝ նաև ինքնամաքրման պրոցեսում է: Այո, այն մարդիկ, ովքեր պատեհապաշտներ են, իրենց կուսակցական տոմսը, իրենց կարգավիճակն օգտագործել են հարստանալու, այլևայլ ընտանեկան, կլանային, խմբային շահեր սպասարկելու, խնդիրներ լուծելու համար, այո, այսօր  կարող են իրենց չտեսնել այդ կուսակցության մեջ։ Իմ ակտիվության  ազդակներից մեկն էլ դա է, որ նման մարդիկ վաղ թե ուշ պետք է հեռանան կուսակցությունից, որովհետև դա ազգային գաղափարախոսությամբ պահպանողական ուժ է ու ես ամեն ինչ անելու եմ, որ հաղթի այդ թևն ու վեկտորը:

Ինչ վերաբերում է գաղափարակիցներին, ապա թե ՀՀԿ հնաբնակների, և թե նորագիր հանրապետականների մեջ բազմաթիվ են հետաքրքիր, գաղափարական, ինտելեկտուալ ու պայծառ դեմքերը, որոնց հետ արժե մեկտեղել ջանքերն ու լծվել կառուցողական ու նպատակամետ աշխատանքի՝ ի շահ մեր երկրի։

Ինչպես ՀՀԿ 144 հազար անդամից յուրաքանչյուրը, ես ևս պատրաստ եմ ներգրավվել ընտրական գործընթացին. Ատոմ Մարգարյան