Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցն այցելել է Լապշինին

11:29 • 10.02.17

Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակցին թույլատրել են հանդիպել Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին փոխանցված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Ապաշկինը հայտնել է, որ Լապշինին տրամադրվել է փաստաբան, նա նաև հնարավորություն ունի հեռախոսազանգեր կատարելու: 

Ապաշկինը նշել է, որ մոտ ժամանակներս կկայանա Լապշինի դատավարությունը, որի ընթացքում էլ կորոշվի նրա խափանման միջոցը:

Լապշինին մեղադրանք է առաջադրված Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով` «Ադրբեջան պետության դեմ ուղղված կոչեր իրականացնելու» (հոդ. 281.2) և «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» (318.2) համար:


Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` Ալեքսանդր Լապշինը երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու: 

Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:

Հիշեցնենք, որ հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:

Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:

Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար: