Ռումինիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել հակակառավարական ցույցերի (լուսանկարներ)

09:13 • 13.02.17

Կիրակի օրը տասնյակ հազարավոր ռումինացիներ հակակառավարական ցույցեր են կազմակերպել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ու այլ խոշոր քաղաքներում:


Ինչպես նշում է Reuters-ը, 1989թ. կոմունիստական ռեժիմի անկումից ի վեր սրանք Ռումինիայում ամենախոշոր հակակառավարական ցույցերն են եղել:


Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը՝ պնդելով, որ իշխանությունները կոռումպացված են և որ նրանք այլևս կորցրել են իրենց վստահությունը:


Հայտնի է, որ միայն Բուխարեստում փողոց է դուրս եկել ավելի քան 50.000 մարդ՝ հակակառավարական կոչեր բացականչելով ու կրելով նույն բնույթի պաստառներ: Տասնյակ հազարավոր ցուցարարներ իրենց բողոքի խոսքն են հայտնել մյուս քաղաքներում:


Աղբյուրը մանրամասնում է, որ Ռումինիայում հակակառավարական ցույցերը սկսվել են կառավարության՝ երկրի քրեական օրենսգրքում արած փոփոխության հետևանքով: Հայտնի է, որ փոփոխությունը, որը զանգվածային ճնշումների արդյունքում չեղարկվել է մի քանի օր առաջ, թույլ կտար կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվածներին լքել բանտերը: