Պայմանավորվածությունը խախտել է «Համախմբումը», Սեյրան Օհանյանը՝ ևս. Վիկտոր Դալլաքյան (տեսանյութ)

12:57 • 13.02.17

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թվականի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին,  ոչ թե դաշինքին, դաշինք չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրուցում  ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ  Վիկտոր  Դալլաքյանը:

« Ընդամենը երեք կուսակցություններ հունվարի 17-ին հանդես էին եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ ամրագրված էին որոշակի նպատակներ։ Դա ոչ թե դաշինք էր, այլ ընդամենը համաձայնագիր, որտեղ ընդգրկված էին երեք հիմնադիր կողմեր՝ «Համախմբումը», «Երրորդ հանրապետությունը» և ՀԴԿ-ն։ Այսինքն, խոսել որևէ դաշինքի մասին և՛ իրավական, և՛ քաղաքական առումով, կլիներ սխալ», - հայտարարեց  նա։

Վիկտոր Դալլաքյանը  ընդգծեց, որ որոշակի առաջարկություններ է ներկայացրել աշխատակարգերի վերաբերյալ, բայց, քանի որ իր ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ աշխատանքը իրականացնել չի հաջողվել, որոշել է հեռանալ։

«Այսինքն, եղել են որոշակի ստվերային և կուլուարային գործընթացներ, իսկ մենք հրապարակային գործունեության կողմնակից ենք», -ասաց նա:

Վիկտոր  Դալլաքյանն ասաց, որ  «Համախմբումն» է խախտել  պայմանավորվածությունը, Սեյրան Օհանյանը՝ ևս:

Նա  նաև  հայտարարեց, որ Սամվել  Բաբայանը  համախմբում կուսակցության  լոբբինգն է  իրականացնում: Նա Փետրվարի  6-ին այցելել  է  իրենց  կուսակցության  գրասենյակ  ներկայացրել  ցուցակ, որտեղ  աջին  տասնյակից  7-ը  «Համախմբման»  ներկայացուցիչ  են՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի  Հովհաննիսյան, Վարդան  Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն  Մարտիրոսյան, Երվանդ   Բոզոյան, Ստեփան Մարգարյան և այլք: