Թուրքիայում անցած 5 ամսվա ընթացքում ՔԱԿ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով 2.603 մարդ է կալանավորվել

16:50 • 13.02.17

Թուրքիայում անցած 5 ամսվա ընթացքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով 2.603 մարդ է կալանավորվել, գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներին: 

Հայտնի է, որ Թուրքիայի 22 քաղաքում 661 կասկածյալ է սպանվել:

Նշվում է, որ բացի այդ, երկրի քրդաբնակ շրջանների 79 քաղաքապետարան են ուղարկվել պետության կողմից նշանակված հատուկ վերահսկիչներ:

Թուրքիայի ներքին գերծերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ 5 ամսվա ընթացքում թուրքական ԶՈւ-ն ՔԱԿ-ի դեմ 125 օդային գործողություն է իրականացրել, ինչպես նաև կազմակերպվել է շուրջ 130 գործողություն քուրդ գրոհայիններին սպանելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: