3,2 տոկոս տնտեսական աճն իրականանալու է՝ անկախ նրանից՝ ուզո՞ւմ են որոշ ուժեր, թե ոչ. Սուրեն Կարայան (տեսանյութ)

13:18 • 14.02.17

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վստահեցնում է՝ 2017թ.-ին կառավարության ծրագրով առաջարկված 3,2 տոկոս տնտեսական աճն ապահովվելու է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե տնտեսագետները կարծիք են հայտնել, որ տնտեսական աճի նախադրյալներ չկան, Սուրեն Կարայանը հակադարձեց. «Մենք առնվազն այն 3,2 տոկոս տնտեսական աճը, որը դրված է պետական բյուջեի հիմքում, իրականացնելու ենք: Ուզում եմ լինենք ավելի լավատես: Չփորձենք ինքներս մեզ վատ իմպուլսներ տանք, որ չի լինելու: Իրականանալու է՝ անկախ այն հանգամանքից՝ ուզո՞ւմ են որոշ ուժեր, չեն ուզում: Այդ տնտեսական աճն ապահովելու ենք այս տարի»:

Նախարարն ասաց, որ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից այսօր մեկնարկած «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» անցկացվող ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, օրինակ, ստեղծվելու է 2200 նոր աշխատատեղ, այն էլ միայն տեքստիլի ոլորտում: