Ո՞ւմ, ինչի՞ պատիժն ենք կրում մենք. Դինքի որդին նամակ է հղել թուրքական բանտում գտնվող իր լրագրող ընկերոջը
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը, նամակ է հղել Թուրքիայում ազատազրկման մեջ գտնվող լրագրող և իր ընկեր Ահմեդ Շըքին:
«Ակօս»-ում հրապարակված նամակում Արատ Դինքը նշել է, որ իրենք՝ «դրսում գտնվողները» (նկատի ունի ազատության մեջ գտնվողներին - tert.am), ամոթից ընկճված ու ճնշված են զգում իրենց, քանի որ չեն կարող ոչինչ անել բանտում գտնվող իրենց ընկերների համար:
Դինքը գրել է, որ չի հասկանում, թե ինչպես են մարդիկ կարողանում առանց ամաչելու ապրել՝ հաշտ մնալով երկրում ստեղծված իրավիճակի հետ: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ Թուրքիային վերաբերող լուրերը բարի կլինեն. դրանք կգրվեն հենց իր՝ բանտում գտնվող ընկերների կողմից:
«Այդ իսկ պատճառով բնական է, որ նրանք վախենում են այն բաներից, որոնք դու դեռ չես արել: Այս երկիրը ո՞ր երկրի էսքիզն է, Ահմեդ: Ինչո՞ւ է այսքան կիսատ: Ո՞ւմ, ինչի՞ պատիժն ենք կրում մենք: Երանի այս նամակիս մեջ կարողանամ թաքցնել բոլոր դռները բացող բանալին», - գրել է Արատ Դինքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Էրգենեկոնի գործով ձերբակալված 4 լրագրողներից Ահմեդ Շըքը խոստացել էր պայքարել Հրանտ Դինքի սպանության բացահայտման համար:










