Բրազիլական գազալցակայանում լքված շանը վերցրել են աշխատանքի (լուսանկարներ)
Բրազիլիայի գազալցակայաններից մեկում մի շատ յուրահատուկ աշխատակից կա` Նեգաո անունով շուն, որին տերերը լքել են հաստատության տարածքում: Սաբինա Պլաներերն ու նրա զուգընկերը ձեռք են բերել գազալցակայանը, և, նկատելով թափառող շանը, որոշել են «աշխատանքի վերցնել» նրան:
«Մենք անմիջապես որդեգրել ենք նրան և ապահովել անհրաժեշտ ամեն ինչով: Ուտելիք և տնակ ենք բերել նրա համար, ինչպես նաև` շնաթոկ, որպեսզի զբոսանքի գնանք նրա հետ», - Boredpanda-ին պատմել են Պլաներերը:
Կայքի հաղորդմամբ` այնուհետև զույգն աշխատանքի է վերցրել շանը և նույնիսկ աշխատակցի քարտ տրամադրել նրան:
«Նեգաոն սպասում է հաճախորդներին, և երբ նրանք ժամանում են, մոտենում և բարևում է նրանց` գրավելով իր հմայքով: Հաճախորդները սիրում են նրան, ոմանք նույնիսկ խաղալիքներ են բերում նրա համար», - հավելել է կինը:















