800-ից ավելի անձինք՝ կոշկակարներ, դերձակներ, ժամագործներ այլևս հարկ չեն վճարում

13:07 • 15.02.17

ՀՀ կառավարության որոշմամբ տնտեսական 23 ոլորտում ինքնուրույն գործունեություն իրականացնողներն ազատվել են հարկերից, ինչը ենթադրում է, որ կոշկակարները, դերձակները ժամագործները, լեզուների ուսուցմամբ զբաղվողները, համակարգիչ ու լվացքի մեքենա նորոգողները և մի շարք այլ խմբերի ինքնազբաղված անձինք հարկ չեն վճարելու։

Ընդհանուր առմամբ՝ հարկ չեն վճարի մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ապահովող ինքնազբաղված անձինք։

Tert.am-ի հետ զրուցում Պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից։

ՊԵԿ-ից հայտնեցին, որ արդեն 800-ից ավելի անձինք օգտվում են այս օրենքի տրված հնարավորությունից։

Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու համար ինքնազբաղված անձինք պետք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին դիմում ներկայացնեն, որում պարտադիր նշվելու է գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը:

Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ նշված անձինք հարկ կվճարեն միայն ապրանքների ներմուծման դեպքերում։

ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանը լրագրողների հետ զրուցում ասել էր, որ արտոնությամբ հնարավորություն կընձեռվի ինքնազբաղված անձանց իրենց միջոցներն ուղղել բիզնեսի զարգացման համար, ինչպես նաև ՊԵԿ-ի համար թիրախավորված կլինեն ավելի խոշոր, ստվերային գործունեություն ծավալող տնտեսվարողները։

Հիշեցնենք, որ 2016 թվականի տվյալներով՝ կան շուրջ 2000 ինքնազբաղված անձինք, որ կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ։