Թուրքիան վերածվել է աշխարհում լրագրողների ամենամեծ բանտի. The Guardian
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը մշակել ու հրապարակել է հատուկ հարցաթերթիկ, որով պատրաստվում է ուսումնասիրություն անցկացնել Թուրքիայում ապրող մարդկանց շրջանում՝ պարզելու համար, թե արդյոք մարդիկ իրենց ապահով են զգում այդտեղ, կամ որքանով է երկրի ներքաղաքական լարված իրավիճակն ազդում նրանց առօրյա կյանքի վրա:
Պարբերականը, մասնավորապես, խնդրել է Թուրքիայում ապրող ուսանողներին պատասխանել, թե ինչպես են զգում իրենց երկրում արտակարգ դրության սահմանումից հետո, խախտվում է արդյոք նրանց խոսքի ազատությունը կամ որևէ միտք արտահայտելուց հետո արդյոք նրանք կարիք են զգում ուղղել դա՝ անվտանգության նկատառումներով:
«Էրդողանն ու խոսքի ազատությունը. ինչպիսի՞ն է կյանքը Թուրքիայում այժմ» վերնագրով հարցման էջում պարբերականը նաև նշում է, որ Թուրքիան, որը ժամանակին մահմեդական երկրի ժողովրդավարության տեսանկյունից կարող էր շատերի համար օրինակ ծառայել, այժմ վերածվել է աշխարհում լրագրողների ամենամեծ բանտի, և հիշեցնում, որ ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեով իշխանությունները նպատակ ունեն էապես ընդլայնել նախագահի լիազորությունները:











