«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի վաճառված տոմսերի մի մասը անվավեր են եղել
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի տոմսերի մի մասը, որոնք վաճառվել են վաճառքի առաջին իսկ օրը, անվավեր են եղել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ները, միջոցառմանը ժամանելու պայմանների մասին տեքստը էլեկտրոնային տոմսի վրա միախառնված է ակտիվացման շտրիխ-կոդի հետ, ինչի արդյունքում տոմսն անվավեր է դառնում:
Մրցույթին հետևող երկրպագուները, որոնք նկատել են սխալ, զանգահարել են թեժ գծով և արդեն նոր տոմսեր են ստացել:
«Եվրատեսիլ» մրցույթի էլեկտրոնային տոմսերի վաճառքն սկսվել է երեքշաբթի: Առաջինը վաճառքի են հանվել եզրափակիչ շոուի 1852 տոմս, որոնք բոլորն էլ վաճառվել են մեկ ժամում ընդամենը:
Նշվում է, որ տոմսի արժեքը սև շուկայում հասնում է 1400 եվրոյի, մինչդեռ պաշտոնական ծառայությունը տոմսերն առաջարկում է 8-500 եվրոյով:










