Հանրապետության Նախագահից ստացել եմ այլ պետական աշխատանքի անցնելու հրավեր, որը սիրով ընդունել եմ. Լևոն Մարտիրոսյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանից ստացել է այլ պետական աշխատանքի անցնելու հրավեր, որը սիրով ընդունել է:
Այս մասին Tert.am -ին հայտնած Լևոն Մարտիրոսյանը մեկնաբանեց. «Եվ հաջորդ գումարման Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, չեմ լինի և դա իմ ցանկությունն է»:
Լևոն Մարտիրոսյանը հավելեց, որ ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում, սակայն խնդիրն այն է, որ նախապատվությունը, ըստ ամենայնի, տալու է այլ պետական աշխատանքին:
«Հինգ տարիներն Ազգային ժողովում ինձ համար շատ կարևոր փորձառություն էին՝ հանուն պետության ու հայրենիքի աշխատանքի»,-ասաց Լևոն Մարտիրոսյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մաղթելով ամենայն հաջողություն առաջիկա ընտրություններում:
Պատգամավորը ուժերի ներածին չափով մասնակցելու է ՀՀԿ քարոզարշավին։










