ԱՄՆ հետախուզությունը Թրամփից թաքցրել է գաղտնի տվյալները. WSJ

12:40 • 16.02.17

Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից թաքցրել են գաղտնի հետախուզական տվյալները՝ մտավախություն ունենալով, որ դրանք կհայտնվեն մամուլում կամ կվտանգվեն. այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակի հետ ծանոթ պաշտոնյաների:


Որոշ դեպքերում հետախուզության ներկայացուցիչները որոշել են Թրամփին չհաղորդել այն աղբյուրների և միջոցների մասին, որոնք ամերիկյան հատուկ ծառայություններն օգտագործում են տեղեկատվություն ստանալու համար: Այդ տվյալները, մասնավորապես, պարունակում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է իրականացվում օտար պետությունների լրտեսումը:


Ինչպես նշում է թերթը, հետախուզության աշխատակիցները նախկինում նույնպես նախագահից և կոնգրեսականներից թաքցրել են տեղեկություն՝ իրենց աղբյուրը գաղտնի պահելու համար, բայց այդ դեպքում բացահայտել են տվյալների բովանդակային մասը: Այդ դեպքերում, սակայն, նման որոշման պատճառները չեն եղել պետության ղեկավարի անհուսալիության վերաբերյալ կասկածները:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի մի քանի պաշտոնյաներ The New York Times թերթին հայտնել են, որ Թրամփի նախընտրական արշավի անդամները 2016 թվականին պարբերաբար կապ են պահպանել ռուսական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ ընտրություններից առաջ: