Մոլդովան հույս ունի մինչև ամառ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ

16:05 • 17.02.17

Մոլդովան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ապրիլին կստորագրեն համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր: Քիշնևում հույս ունեն, որ մինչև ամառ Մոլդովան ձեռք կբերի ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իգոր Դոդոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ես կարծում եմ, որ Մոլդովայի համար շատ շահավետ է ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունը: Հունվարին ես հանդես եկա նախաձեռնությամբ, ես հանդիպեցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարության հետ և հանդես եկա շրջանակային համաձայնագրի նախաձեռնությամբ: Ապրիլի առաջին տասնամյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը կլինի Քիշնևում, և մենք կստորագրենք շրջանակային համաձայնագիրը»,- հայտարարել է Դոդոնը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Մոլդովայի առաջնորդի խոսքերով՝ մարտին նա մտադիր է հանդես գալ գրավոր նախաձեռնությամբ և խնդրանքով, որպեսզի երկրին որպես դիտորդ ընդունեն Եվրասիական տնտեսական միությունում:


«Ես կարծում եմ, որ ապրիլին տեղի կունենա համաձայնագրի ստորագրում, իսկ մայիս-հունիսին Մոլդովան կդառնա դիտորդ՝ այդ շատ կարևոր և հեռանկարային կազմակերպությունում»,- հավելել է նա: