Այս պահին Արա Օսկանյանի ձերբակալության մեջ քաղաքական պատվեր չեմ տեսնում. պաշտպան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի ձերբակալության 72 ժամը կլրանա այսօր` ժամը 18:00-ին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հարցին, թե արդեն քննվե՞լ է Արա Օսկանյանի խափանման միջոցի ընտրության հարցը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց.« Տեղյակ չեմ, թե ինչ որոշում է կայացրել վարույթ իրականացնող մարմինը»:
Դիտարկմանը, թե Արա Օսկանյանի ձերբակալությունը դիտվում է որպես քաղաքական պատվեր, արդյոք դա այդպե՞ս է, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Այս պահին ես նման բան չեմ տեսնում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին քաղաքացին զանգել Ոստիկանություն և հայտնել էր, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա. Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 17-ին Ա. Օսկանյանը և Հ.Սիրադարյանը ձերբակալվել են:










