«Ժառանգությունը» լքելու Զարուհի Փոստանջյանի որոշմանը, մեր անցած ճանապարհին հարգանքով եմ վերաբերվում. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարգանքով է վերաբերում Զարուհի Փոստանջյանի` կուսակցությունը լքելու որոշմանը:
Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հավելեց. «Ինչպես նաև մեր անցած ճանապարհին եմ հարգանքով վերաբերում: Ամենայն բարիք եմ մաղթում Զարուհի Փոստանջյանին, բայց ինչպես կուսակցությունը եղել է սկզբունքային, գաղափարական՝ իր ձևավորման առաջին օրից, այդպես էլ մնում է։ Որևէ դրույթի փոփոխություն՝ ծրագրային, չի լինելու, որևէ մոտեցման,և ինչպես բոլոր դեպքերում է մեզ համար եղել, լինելու է վասն հայրենյաց, այնպես էլ շարունակելու ենք մեր գործունեությունը և փորձելու ենք հասնել իշխանափոխության»:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը և դա պատճառաբանել նրանով, որ «Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղուց, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իր անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Ինչ վերաբերում է հարցին, որ «Ժառանգությունը» շեղվել է իր սկզբունքներից, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ բացարձակապես այդպես չէ, որովհետև բոլոր այն անձինք, որոնք ներդրել են այս սկզբունքները, մնում են կուսակցության շարքերում:
Հարցին, թե Զարուհի Փոստանջյանը «Ժառանգության» ամենակարկառուն և բարձր վարկանիշ ունեցող ներկայացուցիչն է, ըստ ընդդիմադիր դաշտից իրենց որոշ գործընկերների գնահատականների, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. ««Ժառանգության» ամենակարկառուն ներկայացուցիչը «Ժառանգության» շարքային կուսակցականն է, որն այս տարիների ընթացքում լուռ և մունջ պայքարել է մեր երկրում իրավիճակ փոխելու համար, պայքարել է, որպեսզի հանրությանը հայտնի դառնան բոլոր այն անձինք , որոնց Դուք ճանաչում եք և որը այս տարիների ընթացքում որևէ ակնկալիք չի ունեցել և որևէ օգուտի չի սպասել: Այո, ամենակարկառուն ներկայացուցիչն այդ կուսակցականն է: Իսկ այսպիսի կուսակցականները շատ են»:










