Իրանը պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարի մեղադրանքներին. Ամեն բան իր չափ ու սահմանն ունի

18:42 • 20.02.17

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բերհամ Քասըմին պատասխանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն մեղադրանքներին, թե Իրանը ցանկանում է շիա մահմեդականություն տարածել Սիրիայում և Իրաքում:

Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ իրենք փորձում են հնարավորինս համբերատար պահվածք ցուցաբերել, սակայն «Ամեն բան ունի իր չափ ու սահմանը»:

Նշենք, որ Մյունխենի միջազգային խորհրդաժողովում Չավուշօղլուն, խոսելով Սիրիայում և Իրաքում իրանական ռազմական ուժի ներկայության մասին, ասել էր. «Իրանը ցանկանում է Սիրիան և Իրաքը շիական դարձնել: Իրանի այս տիպի գործողությունների դեմն առնելու կոչ ենք անում»:

Ավելի վաղ Էրդողանը Բահրեյն այցի ժամանակ, խոսելով իրաքյան Մոսուլում շիական ուժերի ներկայության մասին, ասել էր. «Ոմանք ցանկանում են և՛ Իրաքի և՛ Սիրիայի պառակտումը: Այնտեղ կատարվողը էթնիկ, կրոնական պայքար է, որովհետև այնտեղ կա ազգայնականություն: Մենք պետք է կանգնեցնենք այս ամենը»: 

Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բահրամ Քասըմին՝ ի պատասխան Էրդողանի մեղադրանքներին, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը բոլորից լավ գիտի Իրաքում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Իրանի կառուցողական դերի մասին: