Թուրքիան մեր բարեկամ երկիրն է, սակայն նա պարտավոր է հարգել մեր կանոնները. Եվրախորհրդարանի նախագահ

09:54 • 20.02.17

Եվրախորհրդարանի նոր նախագահ Անտոնիո Տայանին իտալական Il Messaggero պարբերականին տված հարցազրույցում խոսել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլի և Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի մասին:

Տայանին, մասնավորապես, նշել է, որ թեև Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրն արդեն տալիս է իր պտուղները, սակայն Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: 

«Վերջին շրջանում մի շարք հարցերում Թուրքիայի իշխանությունների քայլերը մտահոգիչ են: Հատկապես քաղաքացիների` օբյեկտիվ լրատվություն ստանալու հարցում ունեցած դժվարությունները։ Թուրքիան մեր բարեկամ երկիրն է, սակայն նա պարտավոր է հարգել մեր կանոնները», - ասել է Տայանին:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։ 

Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին: