Աշխարհում ավելի քան 1.4 մլն երեխա սովամահ լինելու վտանգի տակ է. ՄԱԿ

09:20 • 22.02.17

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ աշխարհում ավելի քան 1.4 մլն երեխա սովամահ լինելու վտանգի տակ է:


Ինչպես նշում է Reuters-ը, իրավիճակն առավել ծանր է Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում:


Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ այս 4 երկրում մարդիկ սովամահ են լինում, և առաջիկա 6 ամսվա ընթացքում ավելի քան 20 մլն մարդու կյանք վտանգված է:


«Ժամանակը շատ սուղ է ավելի քան 1 մլն երեխայի համար, բայց մենք դեռևս հնարավորություն ունենք փրկելու նրանց»,-ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը, ում խոսքով՝ սովը մարդու գործողությունների անմիջական հետևանքն է:


Աղբյուրը մանրամասնում է, որ Սուդանի որոշ հատվածներում արդեն սով է հայտարարվել: Հայտնի է, որ այս երկրում սովամահ լինելու վտանգի տակ է մոտ 1 մլն երեխա: Հարյուր հազարավոր երեխաներ նույն վտանգի տակ են Սոմալիում, Նիգերիայում, Եմենում: