Աշխարհում սուրճի խոշորագույն արտադրող Բրազիլիան պատմության մեջ առաջին անգամ ստիպված է սուրճ ներկրել

15:14 • 23.02.17

Աշխարհում սուրճի խոշորագույն արտադրող Բրազիլիան պատմության ընթացքում առաջին անգամ ստիպված է սուրճ ներկրել՝ խմիչքի ներքին պահանջարկը բավարարելու համար: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


Փետրվարից մինչև մայիս Վիետնամից երկիր կներկրվի ռոբուստայի 1 միլիոն հատ 60-կիլոգրամանոց պարկ: Նման հանձնարարական է տվել Բրազիլիայի կառավարությունը: Ամենամսյա ներկրումը սահմանափակվել է 250 հազար պարկով:


Այդ քայլի պատճառը երկարատև երաշտն է այն շրջաններում, որտեղ սուրճ է աճեցվում: Երաշտն արդեն հանգեցրել է տարվա ընթացքում 14,9 տոկոսով սուրճի գների աճի: Նախկինում սուրճի ոլորտում Բրազիլիայի արտադրողականության ցուցանիշը կազմել է տարեկան ավելի քան 50 միլիոն պարկ: