Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում քրդամետների հանդեպ ճնշումների առնչությամբ
Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների դեմ վերսկսված հետապնդումների առնչությամբ, հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ժողովրդավարական ճանապարհով և ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին մանդատից զրկելն անընդունելի է, իսկ նրանց անձեռնմխելիությունից կամ նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկելը հակասում է միջազգային բոլոր նորմերին:
Հիշեցնենք, որ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահներից Ֆիգեն Յուքսեքդաղը, որը ձերբակալվել է 2016թ.-ի նոյեմբերի 4-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ, նախօրեին պաշտոնապես զրկվել է իր պատգամավորական մանդատից:
2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 11 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Դեռևս անցյալ տարվա մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:










