Այլևս անցյալում է այն շրջանը, երբ իսլամական գլխաշոր կրել-չկրելու հարցը Թուրքիայում խնդիր էր. երկրի ՊՆ

10:25 • 23.02.17

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, մեկնաբանելով թուրքական ԶՈՒ-ի գլխավոր շտաբի կողմից կին զինվորականների գլխաշոր կրելու արգելքի չեղարկման մասին որոշումը, հայտարարել է, որ այլևս կարելի է անցյալում համարել այն ժամանակները, երբ իսլամական գլխաշոր կրել-չկրելու հարցը Թուրքիայում շարունակում էր հասարակական և անգամ քաղաքական խնդիր մնալ:

Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ Ըշըքը դրական է գնահատել ԳՇ-ի կայացրած որոշումն ու ընդգծել, որ դրա շնորհիվ գլխաշոր կրել նախընտրող կանայք այլևս մասնագիտական խնդիրների առաջ չեն կանգնի ԶՈւ-ի անդամ դառնալու ճանապարհին:

Նշենք, որ դեռևս 2016թ.-ի օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել էր կին ոստիկաններին գլխաշոր կրելն արգելող օրենքը, որը գործում էր մինչ այդ:

2007թ.-ին դեռևս վարչապետ Էրդողանը համառ ջանքերի արդյունքում վերացրեց Թուրքիայի համալսարաններում գլխաշոր կրելու արգելքի մասին օրենքը, այնուհետև 2013թ.-ին «Ժողովրդավարացման փաթեթի» շրջանակում պետական հաստատությունների աշխատակիցների շրջանում նույնպես վերացվեց այդ արգելքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 1980թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո պաշտոնապես արգելվել էր գլխաշոր կրել ուսումնական հաստատություններում և պետական հիմնարկներում:

Էրդողանն ու իր կուսակցությունն առաջինն էին, որ համառ ջանքերի շնորհիվ կարողացան վերացնել գլխաշոր կրելու արգելքը Թուրքիայում: Ի սկզբանե դա նաև եղել է Էրդողանի քարոզարշավի առանցքային կետերից մեկը, որն էլ բազմաթիվ կողմնակիցներ բերեց նրան 2002թ.-ից սկսած:

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը ՝ Հայրինուսսա Գյուլն առաջինն էր, որ լայն զանգվածների առաջ հանդես եկավ գլխաշորով: Մինչ Հայրինուսսա Գյուլը Թուրքիայում ոչ մի առաջին տիկին չի կրել գլխաշոր՝ բացառությամբ Աթաթուրքի կնոջ՝ Լատիֆայի: