Նախագծի շուրջ անհիմն մեծ աղմուկ է բարձրացել. Վիգեն Սարգսյանը պարզաբանեց զինվորի ծխախոտի վերաբերյալ նախագիծը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ԶՈւ-ում, ԱԱԾ-ում, Կառավարությանն առընթեր ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերին, դրանց վճարման չափերին ու կարգին առնչվող նախագիծը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է փոփոխություններ իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:
«Նախագծի շուրջ երեկ անհիմն մեծ աղմուկ է բարձրացել»,-ասաց Վիգեն Սարգսյանը և նշեց, որ երկար տարիներ նախարարությունը ժամկետային զինծառայողներին ծխախոտ չի հատկացնում, փոխարենը հատկացվում է գումար: Նա պարզաբանեց, որ տվյալ նախագծով առաջարկվում է նույն սկզբունքը սահմանել նաև պայմանագրային զինծառայողների համար, այսինքն՝ յուրաքաչյուրին օրական մեկ տուփ սիգարետ հատկացնելու փոխարեն կտրամադրվի գումարը: «Ամեն օր մեկ տուփ սիգարետ տրամադրելը չի տեղավորվում մեր ընդհանուր քաղաքականության մեջ: Այսինքն՝ կարող է մարդը ծխող չէ, կամ ինքը այլ ծխախոտն է նախընտրում»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախագծի նպատակն այն է, որ նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու հարցում, կամ նրանք, ովքեր չեն ծխում տրամադրված սիգարետը, գնեն իրենց նախընտրածը: «Երեկ շատ հետաքրքիր էր, որ այս նախագծին վերագրվեց զինվորից ծխախոտ խլելու կամ այդ գումարն այլ տեղ ուղղելու նախագծի»,- ասաց Վիգեն Սարգսյանը, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց.«Դրա համա՞ր եք մեզ մանրամասն պատմում»:










