Ես մեկ ձայն ունեմ և այն կտամ Հանրապետական կուսակցությանը. Սամվել Բալասանյանը քարոզչություն չի անի ՀՀԿ-ի համար
Ես մեկ ձայն ունեմ և այն կտամ Հանրապետական կուսակցությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցելո՞ւ է Հանրապետականին:
Հիշեցնենք, որ Գյումրիում սեպտեմբերի 18-ին կայացած քաղաքապետի ընտրություններին Հանրապետական կուսակցությունը մասնակցել է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՀՔԴՄ) հետ դաշինքով, իսկ համամասնական ցուցակը գլխավորել է անկուսակցական Սամվել Բալասանյանը:
Բալասանյանը նաև հավելեց, որ չի պատրաստվում ՀՀԿ-ի համար քարոզչություն անել. «Չեմ կարծում, որ քարոզչություն կանեմ, որովհետև չի կարելի նման քարոզչություն իրականացնել ինչ-որ մի կուսակցության համար: Ես՝ որպես անձ, մեկ ձայն ունեմ և այն տալու եմ Հանրապետական կուսակցությանը: Ես չեմ կարող ասել՝ գնացեք Հանրապետականին ընտրեք, ամեն մարդ իր ձայնն ունի և գաղտնի քվեարկությամբ իր ձայնը կտա, իմ ասելով չի, որ պետք է տա»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ իր թեկնածությունը չի առաջադրել առաջիկա ընտրություններում, Բալասանյանը պատասխանեց. «Ես քաղաքապետ եմ, ինչո՞ւ մասնակցեմ»:
Նշենք, որ մամուլում շրջանառվում էին նաև տեղեկություններ՝ Սամվել Բալասանյանի որդու առաջադրման վերաբերյալ, սակայն վերջինս տեղ չգտավ ՀՀԿ-ի ցուցակում: Հարցին՝ նեղացա՞ծ է Հանրապետականից, որ որդին ՀՀԿ ընտրացուցակում չէ, Գյումրու քաղաքապետը պատասխանեց. «Ի՞նչ նեղանալ: Որդիս ուղերձ տվեց, որ ինքը չի մասնակցում: Եթե իրեն կտեսնեք՝ հարցրեք: Նա չափահաս, Եվրոպայում սովորած տղա է, ով ինքն է որոշում՝ քաղաքական պրոցեսների մասնակցություն ունենա, թե ոչ»:










